Լոս Անջելեսում մարտի սկզբին փողոցային ավտոմրցարշավի ժամանակ 2 մարդու մահացու վրաերթի ենթարկելու մեջ կասկածվող՝ հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի  որդին՝ Հենրի Գեւորգյանը, դեռեւս կալանքի տակ է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հանգուցյալ երգչուհու հարազատները:

Նրանց խոսքով՝ մայիսի 5-ին նշանակված է դատական նիստ, որի ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա:

Նշենք, որ Հենրի Գեւորգյանի փաստաբանն ու հարազատները պնդում են, որ նա դեպքի պահին մեքենայի ղեկին չի եղել:

Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լոս Անջելեսում ապօրինի փողոցային ավտոմրցարշավի ժամանակ մարտի 1-ին 21-ամյա Հենրի Մայքլ Գեւորգյանը, մեկ այլ մեքենայի հետապնդելիս, չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է մայթին կանգնած մի խումբ անձանց։ Վթարի հետեւանքով մահացել էին երկու երիտասարդ, իսկ մեկն էլ տեղափոխվել է հիվանդանոց: Փետրվարի 28-ի երեկոյան Հենրի Գեւորգյանն ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Հենրի Գեւորգյանի փաստաբան Քեյթ Հարդին հայտարարել է, որ իր պաշտպանյալը չի եղել վթարի մասնակից Mustang ավտոմեքենայի ղեկին: Նրա խոսքով, մրցարշավի ժամանակ նկարահանված տեսանյութում երեւում է, որ Հենրի Գեւորգյանը մեկնարկի մրցավարն է: