Սեւանը տարեկան 12 սմ-ով բարձրանում է հենց Արգիճիի շնորհիվ, որը լիճ թափվող ամենաջրառատ գետն է։ Այս մասին լրագրողների հետ հուլիսի 30-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան, ՄԱԿ-ի փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը։
Նշելով, որ հենց Արգիճիի վերին հոսանքներում են ձվադրում էնդեմիկ մի շարք ձկնատեսակներ՝ իշխանը, բոջակը եւ բեղլուն, որոնք ՀԷԿ-ի կառուցման պարագայում պարզապես կվերանան, նա զարմանք հայտնեց, որ Հայաստանի նախագահին առընթեր Սեւանի հարցերով հանձնաժողովը, քաջատեղյակ լինելով խնդրին, այնուամենայնիվ լռություն է պահպանում։ «Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ մենք պարտք ենք Սեւանին եւ պետք է վերադարձնենք այդ պարտքը, փաստորեն տանում է հակառակին՝ լճի սնանկացմանը»,- տեսակետ հայտնեց բնապահպանը։
Քնարիկ Հովհաննիսյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը, մի քանի օր է, ինչ տարբեր քաղաքացիներից զանգեր է ստանում, ովքեր հայտնում են, որ իրենց տեղեկություններով Արգիճիի հունը փոխվում է շշալցված ջրի բիզնեսի նպատակներով։ «Մարդիկ նշում են, որ խոսքը գետի ջրի շշալցման բիզնեսի մասին է։ Ճիշտ է, այդ լուրերը դեռեւս չեն հաստատվել եւ շշուկների մակարդակով են, սակայն գյուղացիներն այս ամենից անտեղյակ են»,- հավելեց բնապահպանը։
Վերջում Քնարիկ Հովհաննիսյանը կրկին հիշեցրեց, որ Արգիճիի խնդիրը նախեւառաջ Սեւան լճի խնդիրն է։




























