Հանրապետությունում 6926 մարդ զբաղված է գիտահետազոտական աշխատանքներով, հաղորդում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Նրանք ներառված են 83 կազմակերպություններում եւ առաջին կիսամյակում իրականացրել են 9,4 մլրդ դրամի (մոտ 25 մլն դոլար) գիտատեխնիկական աշխատանքներ։ Այսպիսով՝ յուրաքանչյուր գիտնական իրականացրել է 1,35 մլն դրամի (մոտ 3500 դոլար) գիտատեխնիկական աշխատանք։

Բոլորից շատ գիտնականներ՝ 2770, գտնվում է Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում։ Երկրորդ տեղում Կրթության եւ գիտության նախարարությունն է՝ 2024, երրորդում՝ Էկոնոմիկայի նախարարությունը՝ 1106։

Նշենք, որ գիտական հիմնարկների մեջ ամենանվազ արտադրողականություն ունեն Կրթության եւ գիտության նախարարության գիտնականները, որտեղ 1 գիտնականի միջին արտադրողականությունը կազմել է 430 հազ. դրամ, կամ 3,1 անգամ պակաս հանրապետական միջինից։ Այս առումով կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը թերեւս մտորելու առիթ ունի։

Գիտատեխնիկական աշխատանքների կեսից ավելին ուղղվում է կիրառական հետազոտություններին եւ միայն 24 տոկոսը՝ հիմնարար գիտությանը։