ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն հուլիսի 30-ին այցելել է Տավուշի մարզ, որտեղ ծանոթացել է Հովք համայնքի տարածքում գարնանը սողանքային երեւույթների ակտիվացման պատճառով Մ4 միջպետական ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցման, ինչպես նաեւ 6,3 կմ շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է տարածքային նախարարության մամուլի ծառայությունից, Ա. Գեւորգյանին տեղեկացրել են, որ շիինաշխատանքները ավարտին կհասցվեն մինչեւ սեպտեմբեր: Շրջանցիկ ճանապարհը կառուցվում է նոր` խճապատման տեխնոլոգիայով, եւ հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում կապահովի Երեւան- Իջեւան-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի անխափան հաղորդակցությունը:
Կոթի համայնքում փոխվարչապետին ներկայացվել է ոռոգման ջրագծի կառուցման ընթացքը, որն իրականացվում է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ծրագրերի շրջանակում: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի սեպտեմբերին եւ հնարավորություն կտա ոռոգելի դարձնել ոչ միայն Կոթիի, այլեւ հարակից համայնքների շուրջ 1100 հա հողատարածք: Փոխվարչապետը հանձնարարեց մարզպետին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել ոռոգելի հողակտորներն առավել արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Աշխատանքային այցի շրջանակում փոխվարչապետը եղել է նաեւ սահմանամերձ Բարեկամավանում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը տեղեկացրել է, որ հիմնադրամն արդեն իսկ քննարկում է նոր համայնքապետարանի, խմելու ջրի ներքին ցանցի եւ ոռոգման համակարգի կառուցման հարցերը: Նշվել է, որ վերակառուցման կարիք ունի նաեւ գյուղի դպրոցը: Ա. Գեւորգյանը հիմնադրամի փոխտնօրենին առաջարկել է ամփոփել ծրագրերի իրականացման հետ կապված գործընթացը եւ մինչեւ սեպտեմբերի առաջին կեսը հստակեցնել կոնկրետ նախագծերի ֆինանսավորման աղբյուրները:
Բարձրացված մի շարք այլ հարցերի փոխվարչապետը խոստացել է անդրադառնալ Երեւան վերադառնալուն պես:




























