Թուրքիայի ԱԳ նախարարը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ հայ-թուրքական սահմանի թեկուզ ժամանակավոր բացում չի լինի: Թե ինչո՞ւ է այդքանից հետո, նման տեղեկատվություն տարածվում, հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ դա արվում է զուտ քարոզչության նպատակներով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։
Նրա կարծիքով, լուրերն այն մասին, որ թուրքական իշխանությունները պատրաստվում են ՆԱՏՕ-ի՝ Հայաստանում անցկացվելիք զորավարժություններից առաջ բացել հայ-թուրքական սահմանը, նպատակ ունեն շփոթություն առաջացնել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանրության շրջանում։ «Սա փորձ է՝ տպավորություն ստեղծել, որ թուրքական կողմը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ դրական քայլեր է ձեռնարկում։ Թեպետ անկարելի չեմ համարում, որ նման բան իրոք լինի,սակայն հաշվի առնելով Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնական հայտարարությունը, սահմանի բացման հավանականությունը փոքր է։ Մնացածներն անանուն տեղեկություններ են»,- տեսակետ հայտնեց Կիրո Մանոյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞վ կպայմանավորի հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ճանապարհային հատվածների ուսումնասիրությունները, ՀՅԴ ներկայացուցիչը նշեց. «Վստահ չեմ, որ այժմվանից սկսված ուսումնասիրությունները սեպտեմբերին ինչ-որ բան նախապատրաստելու նպատակն ունեն։ Սա պարզապես քարոզչական նպատակով է արվում»:
Նշենք, որ թուրքական Իգդիր նահանգի նահանգապետի հանձնարարությամբ հայ-թուրքական սահմանում ճանապարհային հատվածների ուսումնասիրություններ են կատարվում: Կարծիքներ կան, որ միջոցառումներն իրականացվում են սեպտեմբերի 11-ից 17-ը Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Թուրքիայի մասնակցությունն ապահովելու նպատակով։




























