Արտաշատ-Երեւան էլեկտրագնացքի տոմսը այսուհետ կարժենա 150 դրամ՝ նախկին 200-ի փոխարեն։ Այդ մասին այսօր Արտաշատում հայտարարեց «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ներկայում՝ տնօրենի պաշտոնակատար Մարատ Խակովը։ Ուսանողների համար, ինչպես եւ նախկինում՝ կգործի 50 տոկոս զեղչ։

Տոմսի էժանանալուն զուգընթաց՝ էլեկտրական գնացքի ժամանման տեւողությունը կրճատվելու է։ Եթե նախկինում այն Արտաշատից Երեւան էր հասնում 40 րոպեում, ապա վաղվանից՝ 32 րոպեում։ Նշենք, որ երթուղային տաքսիները այդ նույն տարածությունը անցնում են 40-45 րոպեում, իսկ տոմսն արժե 250 դրամ։

«Հարավկովկասյան երկաթուղիների» փոխադրումների գծով գլխավոր ինժեներ Գեորգի Իսահակյանը գնացքի երթեւեկի ժամկետի կրճատումը պայմանավորեց այն հանգամանքով, որ ավտոմոբիլային ճանապարհների հատման գծերում տեղակայվել են 10 հսկիչ կետեր, որի շնորհիվ ավտոմեքենաներն այսուհետ ստիպված կլինեն ճանապարհը զիջել գնացքին։ Մինչ այդ, ըստ Իսահակյանի, հակառակն էր, եւ ընդհանրապես՝ ճանապարհներին իսկական ամենաթողություն էր։ 

Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ տարեւվերջ Արտաշատ-Երեւան եւ հակառակ ուղղությամբ գնացքի ժամանման տեւողությունը կհասցվի մինչեւ 25 րոպեի։