Բրեդֆորդի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որին 189 մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 37 տարեկան է եղել: Կամավորներն անձնական հարցերից կազմված հարցաշար են լրացրել, ինչպես նաեւ պատմել, թե որքան հաճախ են համացանցում, մասնավորապես սոցցանցերում տարբեր ողբերգությունների մասին լուրեր կարդում:
Ըստ Psych Central-ի, մասնագետների վերլուծությունը ցույց է տվել, որ սոցցանցերից ստացված լուրերը զգալիորեն ազդել են կամավորների 22%-ի վրա: Նրանց մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարման ախտանշաններ են արձանագրվել, չնայած իրական կյանքում նրանք տրավմատիկ իրավիճակների չեն բախվել: Ամենից շատ այդպիսի ազդեցության ենթարկվել են ողբերգությունների մասին նորություններ կարդացողները:
MedDaily-ի փոխանցմամբ, վաղուց է հայտնի, որ այլ մարդկանց տառապանքները կարող են դրանց մասին իմացողներին ցավ պատճառել: Այս ֆենոմենը վնասվածքի փոխարինիչ են կոչում: Մասնագետները տպավորվող մարդկանց խորհուրդ չեն տալիս սարսափելի եւ տհաճ իրադարձությունների մասին լուրեր կարդալ կամ դիտել:





























