Սեւիլիայում շաբաթ կործանված Airbus A400M ռազմական բեռնատար ինքնաթիռն Իսպանական բանակինը չէր, այլ նախատեսված էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար: Այս մասին գրել է Airlive կայքը՝ միաժամանակ լուսանկարներ հրապարակելով օդանավի անկման վայրից:

AP գործակալության փոխանցմամբ, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նույնպես հայտարարել է, որ օդանավն Իսպանական բանակինը չի եղել:

Իսպանական իշխանությունների վերջին տվյալներով, օդանավի կործանման արդյունքում 3 մարդ զոհվել է, երկու ուղեւորի տեղափոխել են հիվանդանոց: Նրանց վիճակը «ծայրահեղ ծանր» է գնահատվում:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Airbus A400M ռազմական ինքնաթիռը կործանվել է Սեւիլիայի օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց, տեղական ժամանակով 13:00-ին: Նախնական տեղեկություններով, օդանավում 8-10 մարդ է եղել: Կործանման պատճառները ճշտվում են: Ավիավթարից անմիջապես հետո Սեւիլիայի օդանավակայանը 2 ժամով փակվել է: