Պաշտոնական տվյալներով, Հայաստանում 28 թատերական կազմակերպություն կա, որոնցից 18-ը (կամ գրեթե երկու երրորդը) տեղակայված է մայրաքաղաքում:

Անցյալ տարի այդ կազմակերպությունները (բացառությամբ երկուսի) 2665 ներկայացում են բեմադրել: Այսինքն՝ միջինն օրական 7 ներկայացում: Հանդիսատեսի ընդհանուր թիվը գերազանցել է 450 հազարը կամ միջինը 180 մարդ՝ մեկ ներկայացման պարագայում:

Ներկայացումներից, ընդհանուր առմամբ, 407.8 մլն դրամ է ստացվել կամ միջինը շուրջ 153 հազար դրամ (368 դոլարից պակաս)՝ մեկ ներկայացման համար: Ստացվում է, որ 1 ներկայացման տոմսերի վաճառքից, ընդհանուր առմամբ, միջին ամսական անվանական աշխատավարձից պակաս չափով գումար է ստացվել (անցյալ տարի՝ 171 հազար դրամ):

Հասկանալի է, որ այսպիսի «եկամուտներով» թատրոնները կդադարեին գոյություն ունենալ: Սակայն դրանց օժանդակություն է ցուցաբերվում: Պետական եւ տեղական բյուջեներից անցյալ տարի թատերական կազմակերպություններին 3.279 մլրդ դրամ է հատկացվել (կամ շուրջ 7.9 մլն դոլար): Դրանից որքանն է ծախսվել շարքային աշխատակազմի աշխատավարձերի, իսկ որքանը՝ ծառայողական մեքենաների եւ ղեկավարության այլ արտոնությունների համար, վիճակագրությունը լռում է: Այնպես որ՝ դերասանները կարող են միայն բացականչել. Ի՞նչ է մեր կյանքը: Խա՛ղ: