Շվեդական Volvo Cars Corp. ավտոարտադրողը, որի սեփականատերը չինական ընկերություն է, ԱՄՆ-ում իր առաջին գործարանը կկառուցի: Այս մասին նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

Նոր ձեռնարկությունը Հարավային Քարոլինա նահանգի Բերքլիի շրջանում, Չարլսթոն քաղաքից ոչ հեռու: Սկզբում գործարանը տարեկան շուրջ 100 հազար ավտոմեքենա է թողարկելու: Այստեղ արտադրվելու են ԱՄՆ-ում վաճառվելիք Volvo-ի նորագույն մոդելները, ինչպես նաեւ արտահանման համար նախատեսված մեքենաներ:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, ձեռնարկության կառուցման համար 500 մլն դոլար է հատկացվելու: Գործարանում շուրջ 4 հազար մարդ է աշխատելու: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2015 թվականի աշնանը, իսկ առաջին ավտոմեքենաները պետք է վաճառքի հանվեն 2018 թվականին:

ԱՄՆ-ում կառուցվելիք նոր գործարանը Volvo Cars-ի միասնական ծրագրի մի մասն է, որի նպատակն է միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային մասշտաբով կրկնապատկել վաճառքի ծավալները, բարձրացնել շուկայում մասնաբաժինը եւ հասնել շահույթի ավելացման: Միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ում ընկերության վաճառքի ծավալները պետք է հասնի տարեկան 100 հազար ավտոմեքենայի: