NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողների ուշադրությանն է ներկայացնում ամերիկյան «World Tribune» պարբերականում հրապարակված հոդվածը:

Ռուսաստանի կառավարությունը վերջին մի քանի տարիներին վերականգնել է իրենից դեպի հարավ ընկած տարածաշրջանում հաջողությունները: Դրա համար նա ստիպված է օգտագործել նուրբ, զուսպ, հավասարակշռված մարտավարություն, որի վրա ազդում է այն իրականությունը, որ հարավային երկու պետություններ՝ Թուրքիան եւ Իրանը, պատմականորեն եւ ներկայում էլ ախոյաններ են:

Բացի այդ, ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Իրանը զգուշավոր են Ռուսաստանի հանդեպ՝ չնայած Մոսկվայից նրանց ընթացիկ կախվածությանը: Արդյո՞ւնքը: Երեք խոշորագույն պետություններ, որոնք միմյանց կարիքն ունեն, բայց որոնք չեն վստահում իրար:

Իրանը կարծում է, որ Թուրքային ռուսական չափազանց մեծ օգնությունը հավասար է տարբեր սուննիական պատերազմներին աջակցությանը, որոնց նպատակը տարածաշրջանում իրանական ազդեցությունը նվազեցնելն է, մասնավորապես, Իրանին Սիրիայի միջոցով դեպի Միջերկրական ծով ելքից զրկելը:

Իսկ Թուրքիան մտածում է, որ Իրանին ռուսական չափազանց մեծ օգնությունը խափանում է երբեմնի Օսմանյան կայսրության տարածքում թուրքական ազդեցության վերականգնման՝ Անկարայի ջանքերը: Բացի այդ, այն զուգահեռներ է անցկացնում Ռուսաստանի կողմից Իրանին տրամադրվող աջակցության եւ Հայաստանին տրվող աջակցության միջեւ, որը վերջին ամիսներին եւ տարիներին նպաստում է Թուրքիայի միջազգային հեղինակության նվազմանը, եթե հաշվի առնենք Թուրքիայի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու ուղղությամբ ուշադրություն հրավիրելու՝ Հայաստանի ունակությունը:

Ամեն դեպքում, Թեհրանի հետ Մոսկվայի հարաբերություններն ավելի կայուն եւ խորն են թվում, քան Թուրքիայի հետ հարաբերությունները: Չնայած դրան, կարճաժամկետ հեռանկարում Եվրոպայի ուղղությամբ Մոսկվայի նոր էներգետիկ շղթայում Թուրքիայի դերը շատ կարեւոր է համարվում թուրքական տնտեսության եւ Եվրոպայի հետ Անկարայի հարաբերությունների համար: Վերջնական կետը «Թուրքական հոսք» խողովակաշարով ռուսական գազի արտահանումն է:

Այս եռակողմ հարաբերություներում հավասարակշռություն պահպանելու Ռուսաստանի կարողությունը դժվարանում է Իսրայելի հետ Մոսկվայի խորը եւ դրական հարաբերություններով, ինչին Թուրքիան եւ Իրանը մեծ թշնամանքով են վերաբերվում: Հատկանշական է, սակայն, որ ո՛չ Իրանը, ո՛չ Թուրքիան Իսրայելի հանդեպ իրենց ընդհանուր հակակրանքը բավարար չեն համարում, որպեսզի միասին հանդես գան Իսրայելի դեմ կամ ճնշում գործադրեն Մոսկվայի հանդեպ:

Ակնհայտ է, որ որեւէ այլ գերտերություն հնարավորություն չունի հավասարակշռել հարաբերությունները եւ, հնարավոր է, դատավորի դեր ստանձնել այդ տարածաշրջանում նույնքան հմտորեն, որքան Ռուսաստանը: Մոսկվան տարածաշրջանում ավելի երկարաժամկետ եւ նուրբ խաղ է վարում, քան ցանկացած այլ խաղացող: Արդյունքում նա այնպիսի դիրք է զբաղեցնում, որը նրան հնարավորություն է ընձեռում ավելի ուժեղ հանդես գալ տասնամյակներ անց, եթե անգամ ԱՄՆ-ն շահում է՝ Իրանի հետ իր սին գործարքով: