Չինացի գիտնականների խումբը ստեգոդոնի լավ պահպանված մնացորդներ է գտել. անհետացած կենդանի, որը ժամանակակից փղի «հեռավոր ազգականն է»:

Պեղումներն անցկացվել են Չժաուտուն բնակավայրի տարածքում, որը գտնվում է Յուննան գավառում: Փորձագետների խոսքով, գտածոն շուրջ 6 մլն տարեկան է:

Ըստ Informing-ի, մասնագետները հույս ունեն, որ այս կարեւոր գտածոն հնարավորություն կընձեռի բացահայտել կնճիթավորների շարքի կենդանիների էվոլյուցիայի պատմության գաղտնիքները, քանի որ հետազոտողները կարծում են, որ հենց Յուննան գավառն է փղերի որոշ տեսակների ի հայտ գալու վայրը:

2007 թվականից այստեղ անընդհատ հնագույն կնճիթավորների մնացորդներ են փնտրում: Հարկ է նկատել, որ ստեգոդոնները բնակվել են Ասիայի տարածքի մեծ մասում: Այս կաթնասունների որոշ տեսակներ կնճիթավոր կենդանիների ամենախոշոր ներկայացուցիչներն են համարվում: Այս տեսակի հասուն ներկայացուցիչները 4 մետր բարձրություն եւ շուրջ 8 մետր երկարություն ունեն: