Եթե այսօրվա մշակութային կյանքը համեմատելու լինենք 1995 թվականի մշակութային կյանքի հետ, սարերի ու ձորերի տարբերություն կա։ Օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան Վարդան Պետրոսյանը։
«Այսօր ինչ ասես կա. թատերական եւ երաժշտական փառատոններ, գունեղություն, ապշեցուցիչ ակտիվություն։ 1994 թվականին, երբ ես մտա Սունդուկյան թատրոն, վախեցա, ճանճերը օդում անշարժ կանգնած էին, բակում հավեր էին ման գալիս, մտածում էի, թե արդեն վերջն էր, սակայն ոչ միայն վերջը չէր, այլեւ այսօր աֆիշանների համար տեղ չկա»,- նշեց դերասանը՝ հավելելով, որ մշակութային կյանքի աշխուժությունը լավ, թե վատ, այսօր ակնառու է։
Վարդան Պետրոսյանը նաեւ նշեց, որ լավ մշակույթ չունենալը պայմանավորված չէ միայն ֆինանսավորմամբ։ Նվազագույն միջոցներով եւս կարելի է անել հաջող ներկայացումներ։
«Մարդիկ ավելի շատ փորձում են դատապարտել եւ իրենց անտաղանդությունն ու անօգնական վիճակը պայմանավորել ֆինանսների բացակայությամբ»,-հավելեց դերասանը։




























