Մոսկվայի Մեշչանսկի դատարանը սեպտեմբերի 17-ին հեռակա կարգով կալանավորել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախկին նախարար Նիկոլայ Նիկիֆորովին, հայտնում է «Коммерсантъ»-ը։
Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկու ամիս ժամկետով կալանավորումը։ Կալանքի ժամկետը կհաշվարկվի Նիկիֆորովի Ռուսաստանում ձերբակալման կամ նրան ՌԴ արտահանձնելու պահից։
Նախկին պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել հանցավոր համայնք կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։ Քննության վարկածով՝ Նիկիֆորովը Finiko ֆինանսական բուրգի ստեղծողներից մեկն է։
Դատարանում ՆԳՆ քննչական դեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է թաքնվել, ոչնչացնել ապացույցները կամ այլ կերպ խոչընդոտել քննությանը։
Պաշտպանությունը հանդես է եկել Նիկիֆորովին կալանքի տակ պահելու դեմ, սակայն դատարանը բավարարել է քննիչների միջնորդությունը։
Նիկիֆորովը ղեկավարել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարությունը 2012-2018 թվականներին։ Նախարարի պաշտոնից հեռանալուց հետո նա բնակվում է Արաբական Միացյալ Էմիրություններում։





























