Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամյանի եւ թմրանյութի գործով 1,5 տարի կալանավորված, այնուհետեւ արդարացված «Բաղրամյան» գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանի կոնֆլիկտը շարունակվում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ մարզպետը դիմել է դատախազություն՝  նշելով, որ այդ հիվանդանոցում իրականացված համակարգի գնահատման աուդիտի արդյունքում 2012-2014թթ. ընթացքում շտապ օգնության կանչերի կատարված ծառայությունների մատուցումը, հետեւաբար դրանց արդյունքում դուրս գրված համապատասխան քանակությամբ վառելանյութի ծախսը արժանահավատ չի համարվել:

Գագիկ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ մարզպետի վերջին քայլերից, բայց չի էլ զարմանում. քանի որ նրանից ամեն ինչ սպասելի է: Բժիշկը հիշեցրեց, որ սրանից առաջ մարզպետը նորից դիմել էր Արմավիրի մարզի դատախազություն՝ ներկայացնելով վերջին աուդիտորական հաշվետվությունը եւ այսպես կոչված խախտումներին խնդրելով տալ քրեաիրավական գնահատական: Այդ ժամանակ քննիչի որոշմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է: «Տարօրինակ է, որ մարզպետն այդ ժամանակ չէր բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու որոշումը, իսկ հիմա նորից նույն աուդիտի հիման վրա դիմում է դատախազություն: Ակնհայտ է, որ ընկած է հետեւիցս, իմ ունեցած տեղեկություններով՝ գլխավոր բժշկի հաստիքը նախատեսել է այլ անձի համար, հիմա փորձում է ամեն ինչ անել ծրագիրը ավարտին հասցնելու համար»,-ասաց Գագիկ Հարությունյանը: Բժիշկը շեշտեց, որ անգամ ճաղերի ետեւում՝ անազատության մեջ գտնվելով, չի նահանջել եւ ապացուցել է իր անմեղությունը, այժմ առավել եւս չի պատրաստվում զիջել եւ պայքարելու է իր իրավունքների համար:

Ընդդեմ Արմավիրի մարզպետի դատական գործով հաջորդ նիստը հունիսի 2-ն է: Բժիշկը դատարանում վիճարկում է Արմավիրի մարզպետի՝ իրեն ազատելու ու պայմանագիրը լուծելու վերաբերյալ կարգադրությունը: Նրանք պահանջում են նաեւ Արմավիրի մարզպետից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նախատեսված աշխատավարձի գումարը, տուժանք, ինչպես նաև վերականգնում իր նախկին աշխատանքում:

Հիշեցնենք, որ 2013թ սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։ Ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։ 1,5 տարի անազատության մեջ մնալուց հետո ազատ է արձակվել հունվարի 27-ին: Վեց ամիս տեւած քննությունից հետո դատարանը եզրակացրել է, որ որեւէ ապացույց, ողջամիտ կասկած կամ ենթադրություն չի եղել: Գագիկ Հարությունյանը աշխատում է առողջապահության համակարգում 1986թ, իսկ 1994թ առ այսօր՝ որպես գլխավոր բժիշկ: