«Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության առաջին փուլը ձգձգվում է: Մայիսի 15-ին «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ասիական զարգացման բանկի (ADB) Հայաստանի գծով տնօրեն Դեւիդ Դոուլը:
Կապալառուն՝ իսպանական Corsan Corviam ընկերությունը, ավարտին է հասցնում ճանապարհի առաջին հատվածի շինարարությունը, որը պետք է ամբողջական շահագործման հասցվի մինչեւ 2015 թվականի ավարտը: Սակայն այդ հատվածի համար նախատեսված ADB-ի վարկի առաջին տրանշը տրամադրվել է դեռեւս 2009 թվականի հոկտեմբերին:
«Արդեն հարկավոր էր ավարտել աշխատանքը: Այդ պատճառով մենք գոհ չենք, ինչպես եւ Կառավարությունը: Մենք մեր մտահոգությունն ենք հայտնել նաեւ շինարարության որակի շուրջ: Մենք գոհ չենք լինի, մինչեւ առաջին հատվածը պատշաճ որակով չիրականացվի»,- հայտարարեց ADB ներկայացուցիչը:
Մայրուղու՝ 31 կմ երկարությամբ առաջին հատվածը Երեւանը միացնում է Աշտարակ եւ Արտաշատ քաղաքներին:
«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):



























