Հունիսի 7-ին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում նոր առաջադրումներ են եղել, թեկնածուների թիվը արդեն 6 է: NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Էդվին Թադեւոսյանը:

Ինքնառաջադրվել է նաեւ անկուսակցական Արթուր Գեղամի Հարությունյանը: Նրա եւ թեկնածուներից մեկի՝ Պալաչի (Արթուր Գեղամի Հարությունյան) անուն-ազգանուն-հայրանունը լրիվ նույնն է, երկուսն էլ անկուսակցական են, երկուսն էլ ինքնառաջադրվել են, միակ տարբերությունը սակայն աշխատավայրն է: Արթուր Հարությունյանի դեպքում որեւէ աշխատավայր չկա, իսկ Պալաչի դեպքում նշված է աշխատավայրը՝ «Չարենցավանի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ տնօրեն: Միայն թե աշխատավայրը չի երեւա քվեաթերթիկում: Զանգեցինք ԿԸՀ, որպեսզի պարզենք՝ արդյոք շփոթություն է եղել, թե իսկապես նույն անուն-ազգանուն-հայրանունով երկու թեկնածու կա, մեզ փոխանցեցին, որ ամեն ինչ ճիշտ է, Արթուր Գեղամի Հարությունյան տվյալներով երկու թեկնածու կա:

Ավելի վաղ առաջադրվել է նաեւ որպես Ծառուկյանի օգնական հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն: Ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Կարապետ Իսրայելյանը, ինչպես նաեւ «Քինգ դելյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիսի 17-19-ը:  Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: