Գյումրիի բնակիչ Կարեն Մկրտչյանին սպանելու մեջ մեղադրվող Կարինե Սոբչենկոն արարքը կատարելու պահին կոմուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել, սակայն նրա մոտ առկա է եղել հուզական լարվածություն, շփոթվածություն եւ անելանելիության զգացողություն: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի Էրեբունի եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց հոգեբան-փորձագետ Էլդա Գրին-Աբրահամյանը՝ ավելացնելով, որ Կարինե Սոբչենկոյի արարքը բնորոշ է նրա հոգեկան վիճակին. Կարինեն, որը երկար տարիներ հաշվառված է եղել Լոռու նյարդահոգեբանական դիսպանսերում, այն հիվանդներից է, որը կարող է նույնիսկ չնչին դրդապատճառից բուռն հակազդում տալ:
«Կարող էր լինել կոմուլյատիվ աֆեկտ, սակայն կոմուլյատիվ աֆեկտ առկա չի եղել, որովհետեւ ինչպես եւ ֆիզիոլոգիականը, կոմուլյատիվ աֆեկտը երեք փուլ ունի: Առաջին փուլը ձգձգած ժամանակի մեջ անընդհատ կրկնվող վիճակ է, որը չի եղել նրա մոտ: 2-րդ փուլ նույպես չի եղել. նա ավելի շատ ակտիվ վարք է ցուցաբերել, իսկ երրորդ փուլն այսպես ասած թուլացումն է, որը Կարինեի մոտ բացակայել է, նա, ընդհակառակը, մարդասիրական վարք է ցուցաբերել՝ զանգել, մարդ է կանչել: Սակայն առկա է եղել հուզական վիճակ, որովհետեւ ի վերջո հակաբարոյական արարք է կատարել նրա հանդեպ հարեւանը, եւ պարզ է, որ ամբաստանյալը պետք է հակազդում ցուցաբերեր»,- ասաց հոգեբան-փորձագետը:
Դատարանում պետք է հարցաքննվեր նաեւ դատահոգեբույժ-փորձագետ Սեդրակ Թադեւոսյանը, սակայն նա նիստին ներկա չէր: Փորձագետը դատարան տեղեկագիր էր ուղարկել, ըստ որի, նա ԵՊՀ-ում ստուգարքներ ունի:
Պաշտպան Կարինե Խաչատրյանը միջնորդեց նաեւ դատարան կանչել Կարեն Մկրտչյանի դիակն ուսումնասիրած դատաբժիշկ Դարբինյանին, քանի որ, ըստ նրա, պաշտպանական կողմը տուժողի մահվան վրա հասնելու դինամիկայի վերաբերյալ չպարզված հարցեր ունի։
Դատահոգեբույժ-փորձագետը եւ դատաբժիշկը կհարցաքննվեն հաջորդ դատական նիստին՝ մայիսի 26-ին:
Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարինե Սոբչենկոյին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 30.06.2014թ. Երևանի Անդրֆեդերացիայի 1-ին նրբանցքի թիվ 2 տան նկուղային հարկում գտնվող սենյակներից մեկում, վրդովված լինելով Կարեն Մկրտչյանի կողմից իրեն սեռական հարաբերության առաջարկ կատարելու հանգամանքից, խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս կրծքավանդակին, դիտավորությամբ ապօրինաբար նրան զրկելով կյանքից: Կարինեն պնդում է, որ Կարենը փորձել է բռնաբարել իրեն:




























