Օքսիտոցինը պատասխանատու է այլ մարդկանց հետ սերտ կապեր հաստատելու համար: Այն արտադրվում է համբույրի, գրկախառնության եւ սեքսով զբաղվելու ժամանակ: Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պարզել են, որ այս հորմոնն օգնում է վերահսկել քաշը:
Ըստ The Elite Daily-ի, գիտնականների նոր հետազոտությանը 25 տղամարդ է մասնակցել: Նրանց կեսը տառապել է ճարպակալումից կամ ավելորդ քաշ է ունեցել: Մյուս կամավորների մարմնի զանգվածը նորմալ է եղել:
Մասնագետները կամավորներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի տղամարդկանց օքսիտոցինի չափաբաժին են ներարկել, իսկ երկրորդ խմբի անդամներին՝ պլացեբո:
MedDaily-ի փոխանցմամբ, դրանից հետո մասնակիցներին առաջարկել են մեծ չափաբաժնով սնունդ ընդունել, իսկ հետազոտողները հետեւել են, թե որքան կալորիա են կամավորներն օգտագործել: Ութ շաբաթ անց մասնագետները կրկնել են հետազոտությունը: Այս անգամ օքսիտոցին են ներարկել երկրորդ խմբի մասնակիցներին: Հետազոտությունը ցույց է տվել. այն կամավորները, որոնց օքսիտոցին են ներարկել, ավելի քիչ են կերել: Բացի այդ, սիրո հորմոնն արագացրել է նյութափոխանակությունը եւ բարձրացրել ինսուլինի հանդեպ զգայնությունը:





























