Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ ոստիկանության ներկայացրած հայցի քննության ընթացքում այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչական դատարանում, ոստիկանության ներկայացուցիչը չցանկացավ, որպեսզի դատական նիստը տեսանկարահանվի եւ լուսանկարահանվի:

«Մենք միջնորդություն ներկայացրեցինք, որպեսզի լրագրողները կարողանան տեսանկարահանել եւ լուսանկարել դատական նիստը, սակայն ոստիկանության ներկայացուցիչը առարկեց՝ պատճառաբանելով, որ այդ հրապարակումները հետագայում կհայտնվեն սոցիալական կայքերում եւ այդ հրապարակումների տակ մարդիկ «լայք» չեն անի, «դիսլայք» կանեն եւ բացասաբար կարտահայտվեն ոստիկանության մասին»-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Կիվիրյանի փաստաբանը՝ Արամազդ Կիվիրյանը՝ ավելացնելով, որ դատարանը մերժեց իրենց միջնորդությունը:

Փաստաբանի կարծիքով՝ դատարանի նման որոշումը կապված է նրա հետ, որ դատարանը եւ ոստիկանությունը վստահ չեն իրենց գործողությունների օրինականության վրա եւ խուսափում են գործի հրապարակային քննությունից: «Նման մտավախություն առաջանում է միայն այն անձի մոտ, ով թաքցնելու բան ունի: Եթե նրանք վստահ լինեին նրա վրա, որ իրենց գործողությունները օրինական են, իրենք ավելի շահագրգռված կլինեին, որ դատական գործընթացը լուսաբանվեր»-ասաց Արամազդ Կիվիրյանը: Փաստաբանը նշեց, որ իրենք այսօր ներկայացրել են նաեւ հակընդդեմ հայց, որը վերաբերում էր ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելուն: «Ոստիկանությունը այդ օրը խախտել է հավաք անցկացնողների իրավունքները, խանգարել տեղաշարժվելուն եւ անօրինական պահել ոստիկանությունում»,-ասաց Արամազդ Կիվիրյանը:

Այսօր դատական նիստը հետաձգվեց:

Նշենք, որ հայցը վերաբերում է 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային, որտեղից Կիվիրյանը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության, Կիվիրյանը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը: Ոստիկանությունը պահանջում է Արգիշտի Կիվիրյանին տուգանել 50 հազար դրամի չափով: