«Վերնիսաժի» գործով ամբաստանյալ Ներսես Մելքոնյանը հնարավոր է 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվի: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, նման միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Նրա խոսքով՝ Ներսես Մելքոնյանին մեղսագրվում է միջին ծանրության արարք, որի պատիժը կարող է լինել նաեւ տուգանքը:
«Իմ պաշտպանյալը նաեւ ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, խնամքին նաեւ թոշակառու հայրն է: Բացի դրանից, Ներսես Մելքոնյանը հիվանդություններ ունի եւ գտնվում է բժիշկների դինամիկ հսկողության տակ: Սրանք նույնպես մեղմացուցիչ հանգամանքներ են՝ նրա խափանման միջոցը փոխելու համար: Միջնորդում ենք նրան 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել՝ առանց մտավախություն ունենալու, որ նա կխուսափի գործի քննությունից»,- ասաց Վարդուհի Էլբակյանը՝ միջնորդությունը ներկայացնելուց հետո դատարանին տրամադրելով բոլոր համապատասխան փաստաթղթերը:
Գործով մյուս ամբաստանյալներ Վալերիկ Հովհաննիսյանն ու Գոռ Առաքելյանը եւ նրանց փաստաբանները միացան միջնորդությանը՝ նշելով, որ դեմ չեն Ներսես Մելքոնյանի խափանման միջոցը փոխելուն:
Վալերիկ Հովհաննիսյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանն էլ իր հերթին հիշեցրեց դատարանին, որ իրենք էլ նախկինում նմանատիպ միջնորդությամբ են հանդես եկել, սակայն դատարանն առ այսօր չի անդրադարձել դրան: Դատավորն էլ արձագանքեց. «Դե հասեք դրան»:
Վարդուհի Էլբակյանի միջնորդությանը ծանոթանալու եւ համապատասխան առարկություններ ներկայացնելու համար մեղադրող կողմը ժամանակ խնդրեց: Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց հունիսի 1-ին:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով։
Նշենք, որ դատախազ Հարություն Սարգսյանն այսօր՝ փոխեց առաջադրվող մեղադրանքը, որով ամբաստանյալը ոչ թե դիտավորյալ սպանության փորձ է կատարել, այլ դիտավորությամբ մարմնական վնասվածքներ է հասցրել տուժողների։ Գոռ Առաքելյանն այժմ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ին, 5-րդ, 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով: Վալերիկ Հովհաննիսյանին եւ Ներսես Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Երեքի դեպքում էլ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:





























