Օգոստոսի 2-ին «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժումը քննարկել է այդ երկրում «ատելության լեզվի» օգտագործման վերաբերյալ հասարակական արձագանքի ռազմավարությունը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման մամուլի ծառայությունից, «ատելության լեզուն» այսօր տարածված է ողջ Վրաստանում:

Հանդիպման մասնակիցները մշակել են ատելության դեմ միասնական արշավի եւ օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու հայեցակարգը:
Ըստ այդմ, արշավի համար երկու ուղղություն է նշվել.

  1. Իրավաբանական խումբը  աշխատելու է Վրաստանի ՔՕ 1421 հոդվածի փոփոխությունների վրա, մասնավորապես` մտցնելու համար մի կետ, որ բացառի «ատելության լեզուն» պաշտոնատարների եւ լրատվամիջոցների կողմից:

  2. Աշխատել այս ոլորտում հասարակական կարծիքի վերլուծության ուղղությամբ եւ մշակել մեթոդներ հասարակությանն այս գործում ներգրավելու համար: