Սոդաներով եւ մի շարք ուրիշ ատրիբուտներով կարելի է երկիրը պայթեցնել: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Գյումրի կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին ձերբակալելու մասին, փոխանցում է «Aravot.am» կայքը: 

«Նյութեր կան, քննությունը գնում է, իրենց ազատ արձակելը, ես չեմ կարծում, որ առանց հիմքերի քրեական գործ կարող է հարուցվել Քննչական կոմիտեի կողմից, չի լինի առանց հիմքի…Ինչ-որ հիմքեր կան, էդ հիմքերին ոստիկանապետը չի տիրապետում, քննությունը գնում է: Խափանման միջոց փոխելը չի նշանակում, որ արդարացնում են, դա նշանակում է՝ երաշխավորություններ կան, որ մարդիկ չեն խուսափում քննությունից: Ես չեմ գտնում, որ անհիմն մարդկանց կարելի է կալանավորել, ձերբակալել եւ իզուր տեղը աղմուկ սարքել: Անհիմն ոչինչ չի լինում, եթե շատ ժամանակ կատակի են վերածում, որ սոդա եւ այլ իրեր են հայտնաբերել, սիրելիներս, այդ նույն սոդաներով եւ մի շարք ուրիշ ատրիբուտներով էնպես կարելի է ա երկիրը պայթեցնել...»,- ասաց ոստիկանապետը:

Անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ Տիգրան Խաչատրյանն Ուկրաինայում էր, Օդեսա քաղաքում:

«Ոստիկանությունը միշտ կարողանում է ամեն ինչ անել, մենք ունենք մեր ֆունկցիաները, մենք կատարում ենք պատշաճ վիճակում: Պետք է սովորել օրենքով աշխատել, երբ դու անօրինականության դեմը փորձում ես առնել անօրինականությամբ, դու նույն իրավախախտն ես դառնում: Քննչականը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի, ոստիկանությունը ի՛ր ֆունկցիան պիտի կատարի , կոնկրետ պետք է սահմանազատվեն դրանք մեկը մյուսից»,- ասաց նա:

Լրագրողներից մեկի այն հարցին, թե դուք հաճախակի եք ասում, որ գողականներին չեք հանդուրժելու, արտոնյալներ չկան, ո՞նց եք հանդուրժում Սուրեն Խաչատրյանի որդուն, ոստիկանապետն ասել է. «Էլի չեմ հանդուրժում, բայց ո՞վ է ասել, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն պետք է կպցնել էդ պիտակները, ստոպ»: