Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Այս մասին այսօր՝մայիսի 20-ին, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով պաշտպանական ճառի ժամանակ հայտարարեց Արգիշտի Կիվիրյանի պաշտպանը՝ Լուսինե Սահակյանը։
«Ես համոզված եմ, որ դուք մեղադրական դատական ակտ եք կայացնելու, գիտեմ, որ կախյալ եք, բայց հիշեք ձեր տված երդման մասին եւ փորձեք արդարացի որոշում կայացնել։ Արգիշտիի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում եւ դրա մասին են խոսում նրա դեմ հարուցված ինը վարչական եւ մեկ քրեական գործերը։ Նա պայքարում է իշխանությունների դեմ բոլորիս փոխարեն»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ ի վերջո եվրոպական դատարանը կհասկացնի, որ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Արգիշտի Կիվիրյանի երկրորդ պաշտպանը՝ Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ իրենք չէին ցանկանում պաշտպանական ճառ ասել, քանի որ դատական նիստերի ընթացքում տուժող կողմի իրարամերժ ցուցմունքներից բոլորն էլ հասկացան, որ Արգիշտի Կիվիրյանի «գլխին սարքել են» եւ նա մեղավոր չէ։
Գործով ամբաստանյալ Արգիշտի Կիվիրյանն էլ ասաց, որ ինքն իրեն մեղավոր չի համարում եւ պաշտպանական ճառ չի ասի։
«Իմ պաշտպանները շատ լավ ներկայացրեցին իրողությունը։ Ես մեղավոր չեմ, իմ նկատմամբ հստակ քաղաքական հետապնդում է իրականացվում»,-ասաց նա։
Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 8-ին։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում կառուցվող բազմահարկի դեմ հարակից շենքի բնակիչների բողոքի միացած Կիվիրյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել, որ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկաններն իրեն բաժին տանելիս բռնություն են գործադրել իր նկատմամբ: Սակայն քրգործ հարուցվել էր ոչ թե այդ առթիվ, այլ ոստիկանի հաղորդման հիման վրա, ըստ որի, Արգիշտի Կիվիրյանն է հարվածներ հասցրել ոստիկանին եւ ինքնավնասվել՝ գլուխը հարվածելով ոստիկանական ավտոմեքենայի դռանը: Կիվիրյանի դեմ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը:




























