Կապան-Գորիս ճանապարհին մայիսի 20-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակելու փաստի առիթով ՀԿԳ քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեն։

Կոմիտեի փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի գլխավորությամբ։ Դեպքի վայրում կատարվում է զննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կապան-Գորիս ճանապարհին կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ NEWS.am-ի տեղեկությունը հաստատել էր Սյունիքի մարզպետի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանը՝ հավելելով, որ տուժողներ չկան: