Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորոսվկին, որը երկրորդ ժամկետով թեկնածությունն է առաջադրել պետության ղեկավարի պաշտոնի համար, ընտրարշավի վերջին օրը Տորուն քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ տեղի բնակչի կողմից հարձակման է ենթարկվել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լեհական բոլոր հեռուստաալիքները ցուցադրել են հարձակման կադրերը: Տորունում ավտոմեքենայից դուրս գալիս տեղի բնակիչը՝ 34-ամյա Ռեմիգիուշ Դ.-ն, փորձել է հարձակվել Կոմորովսկիի վրա: Կառավարության Պահպանության բյուրոյի աշխատակիցները, սակայն, հասցրել են պաշտպանել նրան:
Շրջանային ոստիկանության փոխանցմամբ, հարձակվողը տեղական ոստիկանական բաժանմունքում է: Առայժմ նրան մեղադրում են ոստիկանի վրա հարձակման մեջ:
Հիշեցնենք, որ Լեհաստանում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է մայիսի 10-ին: Երկրորդ փուլում, որը կայանալու է մայիսի 24-ին, պայքարելու են երկրի խոշորագույն ընդդիմադիր «Իրավունք եւ արդարություն» կուսակցությունից թեկնածու Անջեյ Դուդան եւ Բրոնիսլավ Կոմորովսկին: Վերջինն առաջին փուլում Դուդային պարտվել է 1% ձայնով:





























