Օգոստոսի 13-16-ը Ղազախստանի Ուրալսկ քաղաքում տեղի է ունենալու Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաեւի մրցանակների սամբոյի միջազգային մրցաշար, որին մասնակցելու է մեր ուժեղագույն մարզիկներից` ստեփանակերտցի, 74 կգ քաշային Աշոտ Դանիելյանը: Նա այս տարի նվաճել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ սամբոյի ֆեդերացիայից, Նազարբաեւի մրցաշարը հանդիսանում է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկը եւ սպասվում է լարված ու հետաքրքիր պայքար` մասնակցությամբ Ռուսաստանի, Բուլղարիայի, Ղազախստանի, Բելառուսի, Ուզբեկստանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Կորեայի, Ճապոնիայի, Հունաստանի, Վենեսուելայի ուժեղագույն սամբիստների: Մրցաշարը` սամբոյի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու հիանալի հնարավորություն է տալիս, որը կկայանա նոյեմբերին` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում:
Աշոտ Դանիելյանը Ղազախստան է մեկնելու մարզիչ Էռնեստ Միրզոյանի հետ:
Ի դեպ, Ղազախստանի եւ նախագահ Նազարբաեւի հետ կապված մի արժանահիշատակ պատմություն կա: Երեք տարի առաջ, այդ երկրում անցկացվող աշխարհի առաջնության ժամանակ, Աշոտ Դանիելյանը հաղթելով բոլոր մրցակիցներին հասել էր եզրափակիչ ու գոտեմարտում էր ղազախ մարզիկի հետ: Ճիշտ է, մրցավարները հաղթանակը պարգեւեցին մեր սամբիստի մրցակցին, սակայն մրցանակաբաշխությունը կատարող Նազարբաեւը` Աշոտ Դանիելյանին արծաթե մեդալ հանձնելիս խոստովանել էր. «Եթե առաջնությունն անց կացվեր այլ երկրում, անկասկած, հաղթողը Դուք էիք լինելու»:
Արդար մրցավարություն եւ հաղթանակ ենք մաղթում Աշոտին:




























