Օպերային թատրոնի աջակցման հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ մայիսի 28-ին կկայանա մեծահամբավ ջութակահար Նիկոլայ Մադոյանի անկրկնելի համերգը՝ նվիրված Հայոց Պետականության վերածննդի փառավոր տարելիցին:
Հայաստանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ, մաեստրո Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ մեկ համերգի ընթացքում մայրաքաղաք Երեւանում կհնչեն Մոցարտի բոլոր 5 կոնցերտները:
Համերգը կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ժամը՝ 19:00-ին:
Նիկոլայ Մադոյանի կենսագրությունում երաժշտական սխրանքները եզակի չեն,
բայց դրանցից մեկի մասին Աշխարհը դեռ կխոսի. ճիշտ մեկ տարի առաջ հայերիս համար հիշարժան փետրվարի 20-ին, Մադոյանը մեկ երեկոյի ընթացքում, անգիր կատարումով նվագեց Պագանինիի Ջութակի բոլոր վեց կոնցերտները, սահմանելով յուրօրինակ համաշխարհային ռեկորդ` Ջութակի համերգների ողջ պատմության ընթացքում:
Հայ հանդիսատեսի նվիրյալ Նիկոլայ Մադոյանն այս տարի եւս իր ժողովրդին` ի տուրք Ցեղասպանության 100-ամյա տարելիցին եւ Հայոց Պետականության վերածննդին, յուրահատուկ Նվեր կմատուցի:
Մայիսի 28-ին հայաստանցիներս եւ համերգին ներկա հյուրերը Մոցարտին կլսենք այնպիսի հնչողությամբ, որը դեռ տարիներ առաջ, Մոցարտի ծննդյան 250-ամյակի նշանավորման համերգների շրջանակներում, կոմպոզիտորի ծննդավայր Զալցբուրգում լսելիս, օտարագիր մամուլը ամբողջ մի նյութ էր հատկացրել Նիկոլայ Մադոյանին, վերնագրելով այն «Մի Հանճարը կատարում էր Մյուս Հանճարին»:





























