Էջմիածնի մայրուղում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանի պայթյունի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբոր՝ Արմեն Հակոբյանի առողջական վիճակում չնչին առաջընթաց կա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանը:

Նա նշեց, որ վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, սակայն Արմեն Հակոբյանը դուրս է եկել շոկից: «Ամենավատն այն է, որ օրգանիզմը շատ սպիտակուց է կորցնում, չի պահում սպիտակուց: Հիմա էլ կսկսվի թունավորման՝ տոքսիկացիայի շրջանը»,-ասաց բժիշկը:

Ինչ վերաբերում է նախկին պատգամավորի որդուն, Նորայր Դավիդյանն ասաց, որ նա արդեն շոկից դուրս է եկել, վիճակը ծանր կայուն է: Այս դեպքում բժիշկների համար մեծ խնդիր է այն, որ Արմեն Հակոբյանը ալերգիա ունի դեղերից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի գազալցակայաններից մեկում մայիսի 25-ի առավոտյան,  պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 3 մարդ վիրավորվել է: Պայթյունը նախնական տվյալներով առաջացել է կոմպրեսորային կայանից,, որի հետեւանքով պայթել է Volkswagen մակնիշի 34 QF 306 համարանիշի ավտոմեքենան: Մեքենան պատկանում է նախկին ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հարազատներին կիսով չափ այրվել է: Պայթյունի հետեւանքով վիրավորվել են մեքենայի կողքին գտնվող Հակոբ Հակոբյանի եղբայրը եւ որդին, ինչպես նաեւ գազալցակայանի աշխատողը:

Նշենք, որ գազալցակայանը, ըստ մեր տեղեկությունների, պատկանում Հակոբ Հակոբյանին, այն 2-3 տարի է՝ փորձաքննություն չի անցել եւ վերջին անգամ՝ մոտ 2 շաբաթ առաջ տուգանվել է 1մլն դրամի չափով: Վիրավորներին տեղափոխել էին «Վաղարշապատի» ԲԿ, որտեղից էլ Երեւան: