Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի խոշոր առեւտրի կետերում հանձնաժողովի աշխատակիցների իրականացրած դիտանցումների արդյունքում անցյալ տարվա երկրորդ կիսամյակից սկսած լուծվող սուրճի եւ խտացրած կաթի գների բարձրացում էր արձանագրվել: Դրա պատճառներն ուսումնասիրելու համար Հանձնաժողովը «Լուծվող սուրճ» եւ «Խտացրած կաթ» շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու որոշում է կայացրել:
Արձագանքելով ալյուրի եւ շաքարավազի գների վերաբերյալ մամուլի հրապարակումներին` ՏՄՊՊՀ-ը որոշել է նաեւ «Ցորենի ալյուրի» եւ «Շաքարավազի» շուկաներն ուսումնասիրել:
Այդ նպատակով Հանձնաժողովը նշված շուկաներում աշխատող տնտեսվարող սուբյեկտներից իրենց գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն է պահանջել:
Ուսումնասիրության նպատակն է նաեւ պարզել նշված շուկաներում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների վարքագիծը:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի ուշադրությանն արժանացած շուկաներում, բացառությամբ «Լուծվող սուրճի», գործում են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ:
Սակայն, հարկային եւ մաքսային մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն, այս շուկայում եւս առկա են խոշոր տնտեսվարողներ: Ուստի չի բացառվում, որ «Լուծվող սուրճի» շուկայի կառուցվածքի ուսումնասիրության արդյունքում այստեղ եւս գերիշխող դիրք ունեցող նոր սուբյեկտ գրանցվի:




























