Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահն այս տարի 14 անգամ բանկերին պատժելու որոշում է կայացրել։ Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ պաշտոնական կայքէջից։

Որոշ դեպքերում ԿԲ-ն նախազգուշացրել է բանկին, որոշ դեպքերում՝ նշանակել տուգանքներ 50-500 հազ. դրամի սահմաններում։ Ամենախիստ պատիժների արժանացել է «Պրոմեթեյ բանկը», ընդ որում՝ ԿԲ նախագահի առանձին որոշմամբ՝ 500 հազ. դրամի տուգանք է նշանակվել այդ բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանի նկատմամբ, ինչպես նաեւ հանձնարարական է տրվել՝ «Կասյան» մասնաճյուղում կանխիկ արտարժույթի առքուվաճառքի գործարքները 6 ամսով դադարեցնելու մասին։

ԿԲ նախագահը պատասխանատվության միջոց է կիրառել նաեւ «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստանի» մասնաճյուղերից մեկի՝ «Կոմիտասի» կառավարիչ Վահագն Սարիբեկյանի նկատմամբ։ Նա տուգանվել է 200 հազ. դրամով եւ ստացել նախազգուշացում։