Ալյուրի եւ հացի թանկացմանը զուգահեռ Երեւանի մանրածախ առեւտրի կետերում շարունակվում է այլ պարենային ապրանքների գնաճը եւս։ Շարունակական աճ է ցուցաբերում կարտոֆիլի գինը, որն արդեն հասել է 250 դրամ 1 կգ-ի համար ցուցանիշին։ Գարնանային տեղատարափ անձրեւների պատճառով կարտոֆիլի ցանքատարածությունների մի մասը վնասվել է, ուստի պարենային այս կարեւոր ապրանքատեսակի գները բարձր կմնան ողջ տարվա ընթացքում։
Արդեն 1 շաբաթ է՝ 20-30 դրամով թանկացել են մակարոնեղենի բոլոր տեսակի գները, ինչը հավանաբար կապված է ալյուրի հետ։
Այսօր սպառողներին նոր անակնկալ էր սպասում՝ թանկացել էր թռչնամիսը։ Ընդ որում՝ 50-100 դրամով թանկացել է արտասահմանից ներկրվող հավի բուդերը, մոտ 100 դրամով՝ տեղական արտադրության թռչնամիսը։
Պարենային ապրանքների շուկայում առայժմ նվազման միտում են ցուցաբերում միայն ձմերուկի եւ ձեթի գները։ Սակայն ձմերուկը դեռեւս թանկ է իր «սեզոնային» գնից՝ նախորդ տարիներին այս ժամանակահատվածում ձմերուկն արդեն արժեր 1կգ-ը 90-110 դրամ, այնինչ այսօր այն վաճառվում էր 130-150 դրամով։




























