Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցչի աչքին ամեն տեղ հայեր են երեւում: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը «հայերի ձեռքն» է տեսել Բաքվում այսօր կայացած ընդդիմության հանրահավաքում:
«Նրանք գումար են վերցնում հայկական լոբբիի կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններից եւ նմանատիպ պիկետներ են կազմակերպում։ Պիկետում բացի կազմակերպիչների հարազատներից եւ մի քանի հատուկ վարժեցված մարդկանցից ուրիշ ոչ ոք չկա։ Սովորական թերթի ընթերցողն անգամ ավելի բարձր մակարդակ ունի, քան այդ հավաքի մասնակիցները։ Հանրահավաքներին ոչ ոք ելույթ չի ունենում, իսկ եթե նույնիսկ ելույթ են ունենում, ապա կրկնում են նույն բանը 20 տարի շարունակ։ Նրանց ստին ոչ ոք չի հավատում, դրա համար էլ նրանց հանրահավաքներին ոչ ոք չի գալիս։ Խելագար պետք է լինես նրանց հետեւից գնալու համար»,– հայտարարել է Սիյավուշ Նովրուզովը։
Հիշեցնենք, որ Բաքվում կայացած հանրահավաքին պահանջներ են հնչել քաղբանտարկյալներին ազատ արձակելու, երկրի տնտեսությունը կայունացնելու եւ բանակում խաղաղ պայմաններում զոհված բազմաթիվ զինծառայողների գործերը հետաքննելու վերաբերյալ։ Հանրահավաքին, որը կազմակերպել էր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, մասնակցել է մի քանի հարյուր մարդ։





























