«Երեխա ժամանակ չարություն բնականաբար արել եմ, հատկապես, երբ հավաքվում էին ընկերներով»: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցոթյան պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը Հյուսիսային պողոտայում մասնակցումէ ամենամյա բարեգործական ակցիային:
«Իհարկե արժանանում էինք ծնողների քննադատությանը, բայց, ինչեւէ, չեմ կարծում, որ մանուկ հասակում առանց չարություն անելու հնարավոր է: Մանկությունն իր քաղցրությունն ունի եւ դրանից հետո մարդը որքան մեծանում է այդքան հետեւություն է անում»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե հիմա իր որդիներն իրենից չարաճճի են, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց, թե դա հարաբերական է, բայց դե հիմա էլ ինքն է քննադատում երեխաներին չարությունների համար:
«Հայաստանում երեխաների իրավունքներն ապահովված են, թեեւ լինում են եզակի դեպքեր, բայց դրանք չեն փոխում ընդհանուր իրավիճակը: Մեզ համար երեխաների ցանկալի կյանքն ունենալու համար շատ անելիքներ կան: Չեմ կարծում, որ երեխաների իրավունքների առումով իրավիճակը մտահոգիչ է»,- նշեց պատգամավորը
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան:
Օրվա ընթացքում վաճառված պաղպաղակից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին։
Բարեգործական ակցիային աջակցել են «Թամարա», «Երեւան Կաթ» , «Կոկա-Կոլա», «Happyk» ընկերությունները, «Երազանք» թատերախումբը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի թաղապետարանը:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:





























