Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցուն հարակից Գորգասալի հրապարակում այսօր՝ մայիսի 31-ին, վիրահայերը նշեցին սայաթնովյան 101-րդ «Վարդատոնը»:
Սավաթ Նովայի հիշատակը հավերժացնող այս տոնին Հին Թբիլիսում այսօր հնչեցին աշուղի ստեղծագործությունները: Թբիլիսի էր ժամանել «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը՝ ՀՀ ժողովրդկան արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավությամբ:
Թովմաս Պողոսյանի խոսքով՝ Սայաթ-Նովայի երգը ապրեցնող է եւ միշտ ապրեցնելու է հայերին:
«Սայաթ-Նովան մեր ժողովրդի այն մեծ երեւույթն եւ արժեքն է, որով մենք կարող ենք ներկայանալ համամարդկային քաղաքակրթյանը, համայն աշպարհին եւ այս է պատճառը, որ նա սիրված է ոչ միայն մեր ժողովրդի մեջ : Պատահական չէ, որ նրա սքանչելի արվեստը մի քան լեզուներով է եւ Սայաթ-Նովան իր հանճարը դրսեւորել է երեք լեզուներով»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թովմաս Պողոսյանը:
Միջոցառմանը ներկա էր Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքով՝վիրահայերը հետաքրքրությունը այս տոնի հանդեպ գնալով ավելանում է:
«Ամեն տարի մի նոր շունչ կա, մի նոր ոգի կա, հիմա վրացահայությունը ավելի աշխույժ է: Վերջին տարիներին Սայաթ- Նովայի շիրիմը փակ է, քանի որ Սուրբ Գեւորգ եկեղեցին նորոգվում է եւ դրա համար մարդիկ ծաղիկներ դնում են նրա պատկերի առջեւ: Եկող տարի, երբ եկեղեցին բաց կլինի, հին ավանդությունը կշարունակվի. բոլորը սկզբում գալիս վարդեր են դնում շիրիմին, ապա իջնում «Մեյդան» տոնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Եպիսկոպոսը նշեց, որ իրենց նպատակն է ամենօրյա աշխատանքով պահպանել հայկականությունը Վրաստանում.« Այս ամբողջ միջոցառումներն անցնելու են, մենք պետք է կարողանանք այնպիսի կառույցներ ստեղծել, որոնք ամենօրյա աշխատանքով պահպանեն հայկականությունը: Մենք դրան ենք գնում»:































