Գեղեցկուհի Գոհար Հարությունյանը փորձում է ազատ եւ մտածելակերպը չսահմանափակող դաստիարակություն տալ իր 3 երեխաներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009-2010» մրցանակների արժանացած գեղեցկուհին` Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելով բոլոր երեխաներին, նրանց մաղթելով առողջություն, անհոգ մանկություն եւ առողջ ծնողներ։

Գեղեցկուհին մտահոգություն հայտնեց, որ մերօրյա երեխաների ժամանակն ավելի սահմանափակ է, սակայն նրանց համար ավելի շատ բան է այժմ ստեղծված, քանի իրենց սերնդի երեխաների համար:

«Մեր մանկությունը շատ էր տարբերվում, բայց ես դժգոհ չեմ: Մենք ուրիշ առավելություններ ենք ունեցել, որ հիմա երեխաները չունեն: Մենք շատ էինք խաղում, շատ էինք շփվում այլ երեխաների հետ: Հիմա ավելի ծանրաբեռնված են, ավելի սահմափակ ժամանակ ունեն: Մենք ավելի շատ ենք մաքուր օդի եղել, քիչ ծանրաբեռնված, բայց հիմա ամեն ինչ այլ կերպ է ընթանում, եւ պետք է ժամանակի հետ քայլել»,- ասաց նա:

Նշենք, որ Գոհար Հարությունյանը ի թիվս այլ հայտնիների երեկ՝ մայիսի 31-ին, Հյուսիսային պողոտայում մասնակցեց NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային, որի այս տարվա հասույթն (1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար)  ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:

Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին: