Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ապրող Վարդանյանները բողոքում են, որ Գորիսի քննչական բաժանմունքում կոծկում են իրենց 15-ամյա որդուն վթարի ենթարկելու գործը: Վթարի ենթարկված 15-ամյա Արսենի հայրը՝ Վարդան Վարդանյանը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ քննիչ Արման Մանուչարյանը երկու անգամ մերժել է քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
«2014թ. oգոստոսի 24-ին շենքի մուտքի մոտ որդիս ընկել է ոմն Արթուր Եղոյանի ավտոմեքենայի տակ: Անվադողն անցել էր տղայիս ոտքի վրայով, ինչի հետեւանքով բաց կոտրվածքներ, ծանր վնասվածքներ էր ստացել: Նրան տեղափոխել էինք Երևան, որտեղ մի քանի վիրահատության էր ենթարկվել: Որդիս հիմա հենակներով է քայլում, հաշմանդամ է։ Գորիսի քննչականում մերժել էին քրեական գործի հարուցումը` նշելով, որ վարորդը չէր կարող նկատել բակում խաղացող երեխաներին և վթարը կանխելու տեխնիկական հնարավորություն չէր ունեցել»,- պատմեց Վարդան Վարդանյանը:
Արմանի ընտանիքը նոյեմբերին բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և ՔՕ 242-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթեւեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) քրգործ հարուցելու մասին: Դեպքի քննությունը երկրորդ անգամ նույնպես քննիչ Արման Մանուչարյանին է հանձնարարվել, որը նույն պատճառաբանությամբ կրկին մերժել է քրեական գործի հարուցումը:
«Քննիչն անտեսեց գլխավոր դատախազի որոշումը եւ Եղեռնի տարելիցի օրը՝ ոչ աշխատանքային օրով, որոշում կայացրեց քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Այսինքն երեխային կարող են խաղալու ժամանակ բակում վթարի ենթարկել ու անպատիժ մնա՞լ»,- նշեց Վարդան Վարդանյանը:
Վթարից ստացած վնասվածքների հետեւանքով 15-ամյա Արսենը դադարել է սպորտով զբաղվել: Հոր խոսքով՝ բացի ֆիզիկական վնասվածքներից, տղան նաեւ հոգեբանական սթրես է տարել:
«Երեխան կարատեի խմբակ էր հաճախում, նվաճումներ ուներ, ասում էր՝ սև գոտի ստանամ, բանակ գնամ: Հիմա այլեւս չի կարող. հաշմանդամ է ճանաչվել: Հիմա անգամ ասում է`պապ, բա որտե՞ղ խաղամ, եթե բակում՝ մուտքի մոտ կարող են սպանել ու անմեղ ճանաչվել», - ասաց տղայի հայրը:
Վարդան Վարդանյանը պատկերացում չունի՝ ինչու է քննիչը փորձում կոծկել գործը: Նա պատրաստ է այնքան պայքարել, մինչեւ վերականգնվեն իր երեխայի իրավունքները:
(1).jpg)





























