Երեխաների առողջ ապրելակերպը պետք է ծնողներից սկսվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորելով բոլոր մանուկներին, նրանց կոչ անելով զբաղվել սպորտով:
«Ծնողները միշտ պետք է հետեւեն իրենց երեխաների առողջությանը ոչ թե միայն կոչերով եւ խրախուսանքներով, որ պետք է չծխել եւ վարել առողջ ապրելակերպ, այլ սեփական օրինակով դա ցույց տան: Երեխաները չեն անում այն, ինչ իրենց են ասում, այլ կրկնում են այն, ինչ տեսնում են»,- ասաց առողջ ապրելակերպ քարոզող մարզիկը:
Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիայի ղեկավարը նշեց, որ երեխաները պետք է փոքրուց առողջ ապրելակերպ ունենան, հաճախեն տարբեր սպորտաձեւերի մարզումների:
«Կապ չունի՝ ինչ մարզաձեւով կզբաղվեն, դա կարող է լինել պար, բոքս, ակրոբատիկա կամ ցանկացած այլ սպորտաձեւ: Առողջ ապրելակերպը պետք է լինի բոլորի երեխաների առօրյայում»,- ասաց Արթուր Հարությունյանը:
Նշենք, որ երեկ՝ մայիսի 31-ին, Street Workout-ի հայաստանյան ֆեդերացիայի մի խումբ մարզիկներ միացան Հյուսիսային պողոտայում անցկացվող NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիային: Տղաները հավաքված մի խումբ երեխաներին եւ երիտասարդներին հրավիրեցին մասնակցելու առողջ ապրելակերպ քարոզող ֆլեշմոբի եւ կրկնել իրենց ցուցադրած մարզումային հնարքները:
Երեկ՝ մայիսի 31-ին, Հյուսիսային պողոտայում կայացավ NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որի այս տարվա հասույթն (1 մլն 225 հազար դրամ եւ 6900 ԱՄՆ դոլար) ամբողջությամբ կփոխանցվի Հայաստանի սահմանամերձ Դարանակ եւ Փամբակ գյուղերի (հայ-ադրբեջանական սահման, Գեղարքունիքի մարզ) դպրոցահասակ անապահով երեխաներին:
Հիշեցնենք, որ NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ամեն տարի կազմակերպում է բարեգործական ակցիա, որից ստացված ամբողջ հասույթը փոխանցվում է կարիքավոր երեխաներին:









Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























