NEWS.am-ը  ներկայացնում է ռուսական AnyDay Group մեծածախ ընկերության նախագահ, «Պարմանի» երիտասարդական կազմակերպության հիմնադիր Նարինե Դավթյանի հետ, որտեղ բիզնես լեդին պատմել է իր մեծ երազանքի մասին, ինչպես նաեւ խոսել է Ղարաբաղում հոգեբանական կենտրոն բացելու իր մտադրության եւ այն մասին, թե ինչպես են դասավորվում իր հարաբերությունները հայ գործարարների հետ։

Նարինե՛, շատ հաջողակ կանայք  պնդում են, որ բիզնեսը չի խանգարում անձնական կյանքին։ Նրանք չե՞ն խաբում։

Խաբում են։ Չի կարող չխանգարել։ Սակայն դա ընտրության հարց է։ Այնպես է ստացվել, որ առաջին ամուսնուցս ես բաժանվեցի։ Ես 2 հիանալի երեխա ունեմ։ Իսկ այսօր ինձ հետ է իմ երկրորդ ամուսինը։ Ի միջի այլոց, ինչ վերաբերում է ինձ, ապա ես ինձ ոչ այնքան բիզնես լեդի եմ զգում, որքան հասարակական գործիչ։ Բիզնեսը ինձ համար իմ պլանները եւ գաղափարները կյանքի կոչելու միջոց է։

Ձեր հարցազրույցներից մեկում Դուք ասացիք, որ Ստեփանակերտում սեփական միջոցներով նախադպրոցական քոլեջ եք բացել եւ Երիտասարդական կենտրոն հիմնել, ինչպես նաեւ աջակցում եք մանկատունը եւ երիտասարդ տաղանդներին։ Իսկ մեծերին Դուք օգնու՞մ եք։

Դա բարդ պահ է։ Հաճախ ինձ տարբեր հարցերով են դիմում, եւ ես իհարկե աշխատում եմ աջակցել։ Սակայն առաջին հերթին ես իմ գործունեությունը կապում եմ Հայաստանի եւ Ղարաբաղի ապագայի հետ։ Այդ պատճառով էլ շեշտը դնում եմ երիտասարդության խնդիրների լուծման վրա։

Դուք երբեւէ  չե՞ք զղջացել, որ օգնել եք որեւէ մեկին

Երբեմն զղջման նշույլներ են հայտնվում։ Ես շատ երգիչների եմ աջակցել, օգնել եմ նրանց տարբեր նախագծերի իրականացմանը, մասնակցել եմ  համերգների կազմակերպմանը, սկավառակների եւ հոլովակների թողարկմանը։ Պատահել է, որ այդքան օգնելով հանդերձ՝ վատ իրավիճակում եմ հայտնվել։ Դա ծիծաղելի է հնչում, բայց երիտասարդ երաժիշտները կարծում են, թե մենք՝ բիզնեսմեններս, պետք է երջանիկ լինենք, որ նրանք «թույլ են տալիս» մեզ օգնել նրանց։ Ահա ուկրաինացի երգիչ Անդրանիկ Ալեքսանյանի հետ ես  իմ առաքելությունն ավարտված եմ համարում։ Օրերս նա Իսրայելից, որտեղ նրան անցյալ տարվա օգոստոսին վիրահատել էին, վերադառնում է հայրենի Խմելնիցկի քաղաք։

Ձեր նախագծերի մեծ մասը կապված է Ղարաբաղի  հետ։ Դուք այնտե՞ղ եք ծնվել։

Ո՛չ։ Ես միշտ կատակում եմ, թե հավանաբար անցյալ կյանքում ես ղարաբաղցի եմ եղել։ Դա այն վայրն է, որտեղ ես բացարձակ երջանիկ եմ։ Երբեմն ես մտածում եմ այն մասին, որ որոշ ժամանակ անց կցանկանամ վերադառնալ այնտեղ։

Ես սիրահարվեցի Ղարաբաղին 9-10 տարի առաջ, հենց որ առաջին անգամ ոտք դրեցի այնտեղ։ Ավելին՝ ես տեսա, թե ինչ է արել Ղարաբաղի համար Լեւոն Հայրապետյանը, եւ հասկացա, որ ես նույնպես ցանկանում եմ ինչ-որ բան անել այդ երկրի համար։ Դա իսկական հոգու կանչ էր։ Չեմ կարող չասել, որ իմ ընկերներից շատերը զոհվել են Ղարաբաղի համար, եւ այսօր մենք, ինչպես մի անգամ ասեց Լեւոն Հայրապետյանը, պետք է վճարենք «գենետիկ հարկը»։

Կկիսվե՞ք Ձեր  նոր գաղափարներով։

Մենք կցանկանայինք զարգացնել Ղարաբաղում հոգեբանական օգնության ոլորտը, հնարավոր է, ապագայում հոգեբանական կենտրոն բացենք։ Այնտեղ որակավորված մասնագետների խիստ կարիք է զգացվում։ Շատ արցախցիներ օգնություն ստանալու համար ստիպված են լինում մեկնել Երեւան։  Մենք արդեն 12 մասնագետ ենք գտել, որոնց համար ուսուցում ենք կազմակերպել։ Սակայն հիմա գործընթացը փոքր-ինչ դանդաղել է, քանի որ նման խոշոր նախագիծը լուրջ նախապատրաստում է պահանջում։  Մենք պետք է տարածք գտնենք, վերանորոգենք այն, սարքավորումներ գտնենք։ Խոսքը մեծ ֆինանսական ծախսերի մասին է։ Պետք է ասեմ, որ մեզ լուրջ աջակցություն է ցուցաբերում ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը։

Կցանկանայի նաեւ պատմել մոսկվայաբնակ հայերի ArmeniaFutura նոր նախագծի  մասին, որին ես մասնակցում եմ։ «Այբ» դպրոցի համահիմնադիր էմիլ Արզանգուլյանի ղեկավարած մտավորականների խումբը կարողացել է մի քանի լուրջ միջոցառում կազմակերպել։ Այպես, Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Մոսկվայում 198 պաստառ էր տեղադրվել, նկարահանվել էր «Կյանքը, որը մենք ապրել ենք» ֆիլմը, իսկ մոտ ժամանակներս լույս կտեսնի Մարկ Արենի «էվրար վիլլա» գիրքը։

Դուք հիշատակեցիք մոսվկայաբնակ հայերի մասին։  Իսկ ինչպիսի՞ հարաբերույթյուններ ունեք Հայաստանի գործարարների հետ։

Խոստովանեմ, որ բավական բարդ։ Մեր մոտեցումները, մտածելակերպը  եւ ակնկալիքները տարբեր են...

Մենք չունե՞նք բիզնես վարելու մշակույթ։

Այն, ինչ  կատարվում է Հայաստանում, հիմնականում անօրինություն է։ Ես կարծում եմ, որ մենք 25-30 տարով հետ ենք մնում անգամ ռուսական բիզնեսից։ Հայ գործարարներն ուզում են արագ եւ առանց ջանքերի հարստանալ։

Բացի դրանից, շուկայի զարգացման համար պետք է ավելի շատ կիսվել գործընկերների, աշխատակիցների, հաճախորդների հետ եւ այնպես աշխատել, որ բոլոր կողմերը գոհ մնան։

Երկու անգամ փորձել եմ Հայաստանում բիզնես դնել եւ ամենա անգամ բախվել եմ աբսուրդ խնդիրների։ Խոչընդոտները, ցավոք, շատ են, բայց ես չեմ հանձնվում։

Միգուե մեր գործարարների մոտ ուղակի սովորական նախա՞նձն է խոսում։ Երբեմն ավելի դժվար է տանել ուրիշի հաջողությունները, քան սեփական անհաջողությունները։

Ավելի շուտ նրանք տառապում են թերարժեքության կոմպլեքսով։ Ավելին՝ Հայաստանում գործարարների մեծ մասը չի ցանկանում սովորել եւ զարգանալ։ Դա պարադոքս է։ Պահպանողականությունը շատ ամուր է նստած նրանց մեջ։

Ես անձամբ ճանաչում եմ տեղի շատ օլիգարխների։ Անուններ չեմ տա։ Նրանք բոլորը հպարտանում են իրենց վիլլաներով, մեքենաներով, ադամանդներով եւ ոսկիներով, բայց դրա հետ մեկտեղ ափսոսում են 100 դոլար տալ բարեգործությանը։

Ամոթ է։ Մի՞թե կարելի է նման ճոխություն թույլ տալ մի երկրում, որտեղ այդքան մարդ տարրական օգնության կարիք ունի։ Ձե՛ռք մեկնեք նրանց։ Այս երկրում այլ կերպ չի կարելի ապրել։ Նրանք դա չեն հասկանում։ Ամեն մեկը զբաղված է իր համար եկեղեցի, առեւտրի կենտրոն ու ռեստորան  կառուցելով։ Եկեք դուրս գանք այդ պրիմիտիվ մտածելակերպից եւ մտածենք տնտեսության զարգացման եւ աշխատատեղեր ստեղծելու մասին։ Տեսե՛ք քանի մարդ է արտագաղթում Հայաստանից։ Շուտով մարդ չի մնա։

Պատմեք Ձեր գլխավոր երազանքի մասին։

Ես երազում եմ, որ մեր ժողովուրդը հանգիստ ապրի եւ չվախենա, որ ուր որ է պատերազմ կսկսվի: Ուզում եմ, որ այն մարդիկ, որոնք պետք են հայրենիքին եւ որոնք լքել են այն, անպայման վերադառնան: Ես այդ մասին մտածում եմ ամեն օր: Նույնիսկ կա RepatArmenia կազմակերպությունը, որն օգնում է ներգաղթյալներին աշխատանք գտնել ու տեղավորվել:

Հայաստանը դրախտավայր է: Ես շատ եմ ճանապարհորդել ողջ աշխարհում, եւ կարող եմ ասել, որ արեւի տակ ոչ մի տեղ  չկան այսպիսի մրգեր ու նման ջուր: Մարդիկ էլ այստեղ շատ ջերմ են: Կենցաղային խնդիրների պատճառով շատերը մռայլ ու փակ են դարձել, մի կտոր հացի համար սկսել են մոռանալ հոգեւոր սննդի մասին:

Եթե այստեղ ճիշտ կազմակերպեն կյանքը, առողջ եւ մրցակցային բիզնեսի համար պայմաններ ստեղծեն, երկիրը կզարգանա, եւ մարդիկ բավարարված ու երջանիկ կլինեն: Հաջորդ 100 տարին մեր ժողովրդի համար պետք է դառնա բարգավաճման եւ հոգեւոր վերածննդի դարաշրջան:

Անի Աֆյան