Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի քրոջ՝ Քրիստինայի մասնակցությամբ կոռուպցիայի գործը հետաքննող դատավոր Խոսե Կաստրոն հրաժարվել է նվազեցնել անցյալ տարվա դեկտեմբերին սահմանած գրավի գումարի չափը:
Դատավորի կարծիքով, 2 մլն 697 հազար 150 եվրոյի չափով վճարումը «հստակորեն համապատասխանում է Քրեական օրենսգրքի դրույթներին»: Այսպիսով, դատավորը մերժել է պաշտպանական կողմի՝ գրավի չափը մինչեւ 449 հազար 525 եվրո իջեցնելու շուրջ միջնորդությունը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 2014 թվականի դեկտեմբերին թագավորի քույրն արդեն վճարել է 587 հազար 413 եվրո, որը նա ճանաչել է որպես չվճարված հարկեր: Գրավի մյուս մասը Քրիստինայի փաստաբանները չհիմնավորված են համարում:





























