Մադագասկարի նախագահ Էրի Ռաձաունարիմամպիանինան խորհրդարանի կողմից իրեն ներկայացված անվստահության քվեն վիճարկել է երկրի Սահմանադրական դատարանում:
«Պետության ղեկավարի խորհրդականները ներկայացրել են նախագահի բողոքը»,- հայտարարել է դատարանի ներկայացուցիչ Սամուել Անդրիամորասոա Ռալիսոնը:
Անցյալ ամսվա վերջին խորհրդարանը կողմ էր քվեարկել պետության ղեկավարի իմփիչմենթի մասին առաջարկին՝ հայտարարելով, որ նա խախտել է Սահմանադրությունը եւ չի կատարում նախընտրական խոստումները:
Նախագահը կարծում է, որ քվեարկությունը խախտումներով է կայացել. նիստին ներկա է եղել 151 պատգամավորներից ընդամենը 80-ը: Իսկ երկրի ղեկավարի պաշտոնանկության մասին որոշման ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի աջակցությունը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, 2013 թվականի ընտրություններում Ռաձաունարիմամպիանինայի հաղթանակը համեմատական կայունություն բերեց Հնդկական օվկիանոսի կղզուն՝ 2009 թվականի հեղաշրջման հետեւանքով առաջացած ցնցումներից, միջազգային դոնորների հեռանալուց եւ տնտեսության քայքայումից հետո: Նախագահի պաշտոնանկությունն եւ դրան հետեւող ընտրությունները կարող են նոր լարվածություն հրահրել:
Մադագասկարի Պաշտպանության նախարար Օլիվիե Ռակուտուզաֆին քաղաքական գործիչներին կոչ է արել ընդունել ՍԴ-ի ցանկացած որոշում եւ բանակը չներքաշել ապստամբության մեջ:





























