Պարբերականն իր խմբագրականում գրում է. «Ըստ երեւույթին, Միացյալ Նահանգները հակված է, այնուամենայնիվ, հարձակվել Իրանի վրա՝ կարծես թե Աֆղանստանում եւ Իրաքում պատերազմները նրանց համար քիչ են, հիմա էլ իրենց ուժերը փորձելու նոր ասպարեզ են փնտրում:
Ամենահետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ն այդ քայլի որեւէ համոզիչ հիմնավորում չի գտնում՝ բոլոր պնդումները միջուկային զենքի մասին ենթադրություններ են: Եթե հիշում եք՝ ժամանակին ամերիկացիները Իրաքում քիմիական զենք էին փնտրում, որից հետո, սակայն, նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը խոստովանեց՝ «կներեք՝ սխալվեցինք»: Իսկ պատերազմը շարունակվում է առայսօր: Միակ հասկանալի հիմնավորումն այն է, որ ամերիկացիները եւ իրանցիները ազատությունն ու ժողովրդավարությունը տարբեր կերպ են հասկանում: Դա իսկապես այդպես է, սակայն արդյո՞ք այդ տարբերությունը պատճառ է պատերազմ սկսելու համար:
Թե' ամերիկյան, եւ թե' իրանական ռեժիմներում ինձ շատ բան դուր չի գալիս: Ես չեմ ընդունում, որ հարեւան երկրում պետությունը «կարգավորում է» մարդկանց անձնական կյանքը՝ ինչպես հագնվել, ինչ խմել եւ այլն: Այստեղ պատահում են նաեւ ակնհայտ ծայրահեղություններ (ինչպես օրինակ՝ ամուսնական չապացուցված անհավատարմության համար կնոջը քարկոծելով մահապատժի ենթարկելու որոշումը կամ երաժշտության դասավանդումը անընդունելի համարելու մասին իրանական հոգեւոր առաջնորդների դատողությունները): Ամերիկյան գաղափարախոսության մեջ ինձ դուր չի գալիս այն հիմնական թեզը (որը, ճիշտ է, բարձրաձայն չի արտաբերվում), որ մարդու կյանքի իմաստը հնարավորինս շատ ապրանքներ ունենալն է ու դրանք սպառելը: Դա է, ի դեպ, ներկայիս ճգնաժամի հիմքը, որն, անշուշտ, ոչ միայն տնտեսական, այլեւս հոգեւոր արմատներ ունի: Այս սպառողական փիլիսոփայությունը մոտավորապես 1970-ական թվականներից վարակել է նաեւ մեզ՝ հայաստանցիներիս: Բայց բոլոր դեպքերում՝ անկախ նրանից, թե ինչն ենք մենք հավանում, իսկ ինչը՝ դատապարտում, պետք է համաձայնել, որ ժողովուրդներն իրավունք ունեն ապրելու՝ ինչպես իրե՜նք են որոշել»:




























