Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել իր դեմ հարուցված քրեական գործի մասին տարածված տեղեկությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Բացարձակապես ոչ մի մեկնաբանություն չեմ ցանկանում տալ այդ թեմայով: Դիմել ենք դատարան, պետք է, որ մեր բողոքը վարույթ ընդունվի, քանի որ վարույթ չընդունվելու գործընթաց չկա: Կսպասենք դատարանի որոշմանը, հետո կանդրադառնամ այդ թեմային»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ Փաստաբանների դպրոցի նախկին տնօրեն, Վարդան Պետրոսյանի եւ մի շարք այլ գործերով հայտնի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի դեմ հարուցված քրեական գործ կա, եւ մի քանի տարի է ՝ վերջինս քաշքշուկների մեջ է: Թերթի տեղեկություններով, տարիներ առաջ վրաերթի գործով տուժող կողմը դիմել է իրավապահներին, որպեսզի Նիկոլայ Բաղդասարյանի դեմ քրեական գործ հարուցեն՝ դատարանում եւ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ժամանակ վրաերթի ենթարկված իրենց թոռան անձնական կյանքի եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար: Ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստված նյութերով որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, սակայն տուժող կողմն այն բողոքարկել է գլխավոր դատախազին, ով վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը: Հարուցվել է նոր քրեական գործ` ՔՕ 144-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 145-րդ (Բժշկական գաղտնիքը հրապարակելը) հոդվածների հատկանիշներով, հարցաքննվել են կողմերը: Այս գործը եւս կարճվել է, բայց 2015-ի ապրիլին դատախազի կողմից նորից վերացվել է գործը կարճելու մասին որոշումը, եւ վարույթը վերսկսվել է, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն էլ դատախազի՝ քրգործի վարույթը կարճելու որոշումը վերացնելը բողոքարկել է դատարանում: Մենք տեղեկացանք, որ տուժողները հատկապես վիրավորված են փաստաբանի մի արտահայտությունից, երբ 3-ամյա երեխայի մասին խոսելիս նա օգտագործել է «հավի ճուտ» արտահայտությունը։





























