Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենգոյանը պաշտոնանկությունից հետո որեւէ բանով չէր զբաղվում, հանգստանում էր:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վահրամ Ենգոյանը:
Հարցին, թե ինչպես եղավ, որ իրեն նորից վերադարձին հին պաշտոնին, նա այսպես պատասխանեց. «Բոլոր հարցերով իմ նշանակման հետ կապված խնդրում եմ դիմել ՀՀ ոստիկանության լրատվական վարչություն»: Դիտարկմանը, թե ինչպես եղավ, որ նորից վերադարձին հին պաշտոնին, Վահրամ Ենգոյանը չպատասխանեց՝ անջատելով հեռախոսը:
Դիմեցինք նաեւ Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, որպեսզի պարզենք՝ հնարավոր է նրան էլ վերադարձնեն հին պաշտոնին, սակայն վերջինս չպատասխանեց մեր հարցերին՝ պատճառաբանելով, թե զբաղված է:
Նշենք, որ Շիրակի մարզի ոստիկանապետի տեղակալ Վահրամ Ենոգյանի պաշտոնանկությունը կապվում էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի «դեբոշների» հետ: Հենց դրանից հետո Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ արեց Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, ինչպես նաեւ այցելեց մարզ՝ հրավիրելով խորհրդակցություն, ներկայացնելով նոր ոստիկանապետին եւ հանդես գալով կոշտ գնահատականներով:
Վահրամ Ենոգյանը վերջերս նշանակվել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի պաշտոնում, որտեղ եւ աշխատում էր մինչ պաշտոնանկությունը: Այդ պաշտոնը զբաղեցնող Արթուր Հակոբյանն էլ նշանակվել է Գյումրիի Կումայրի բաժնի պետ, իսկ Կումայրի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Պետրոսյանը եւս վերադարձվել է նախկին պաշտոնին՝ նշանակվելով Արթիկի ոստիկանապետ:





























