Այսօր Հայաստանի չորս համայնքներ` Ուրցաձորը (Արարատի մարզ), Վարդենիկը (Գեղարքունիքի մարզ), Ախթալան (Լոռու մարզ), Արթիկը (Շիրակի մարզ) Եվրոպայի խորհրդի հետ ստորագրեցին համաձայնագրեր` իրենց համայնքներում քաղաքացիների մասնակցության նախաձեռնություններ իրականացնելու վերաբերյալ: Մրցույթով ընտրված այս չորս համայնքների հետ ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի փորձագետներն համայնքներում անցկացրել են անհատական աշխատանքային քննարկումներ (քոուչինգ):
«Առաջին անգամն է, երբ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում դրամաշնորհներ է տրամադրում իր գործընկերներին»,-նշեց Նատալյա Վուտովան` Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավարը` շնորհավորելով գործընկեր համայնքներին: 2015թ.-ի հունիսից, այս չորս համայնքները կսկսեն քաղաքացիների մասնակցության գործընթացներ` ներգրավելով բնակիչներին համայնքային հրատապ խնդիրները վեր հանելու, դրանց առաջնահերթությունները սահմանելու եւ ընդհանուր լուծումներ գտնելու գործում: Առաջնահերթ խնդիրները կներառվեն համայնքների հաջորդ տարվա բյուջեներում:
«Սրանք, ըստ էության, մասնակցային բյուջետավարման փորձնական նախաձեռնություններ են, ինչը գործնականում, որպես գործընթաց, գոյություն չունի Հայաստանում: Համոզված ենք, որ այս փորձնական նախաձեռնությունները հաջողությամբ կավարտվեն: Մենք կաջակցենք, որ ծրագրի արդյունքերը եւ քաղված դասերը փոխանցվեն նաեւ Հայաստանի մյուս համայնքներին», ամփոփեց տիկին Վուտովան:
Այս նախաձեռնությունն իրականացվում է ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի կողմից` «Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից: 2001թ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ`մի շարք փաստաթղթերի հետ միասին ստորագրելով նաեւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիան: Խարտիան ուժի մեջ մտավ 2002թ մայիսի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո: 2013թ մայիսի 13-ին Հայաստանը վավերացրեց նաեւ Տեղական ինքնակառավարման երոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությունը` տեղական իշխանությանը մասնակցելու իարվունքի մասին (Ուտրեխտ, 2009թ): Լրացուցիչ արձանագրության դրույթները 2013թ հունիսի 19-ին դարձան ՀՀ օրենսդրության մաս (ՀՀ օրենքը «Տեղական ինքնակառվարման մասին»): 2014թ մարտի 26-ին ԵԽ Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսն ընդունեց Հայաստանում տեղական ժողովրդավարության վիճակի մասին թիվ 351(2014) հանձնարարականը, որը, ի թիվս այլ առաջարկների, Հայաստանի իշխանություններին առաջարկում է տեղական մակարդակում կիրառել քաղաքացիների մասնակցությունը խթանող գործիքներ:




























