Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը նորից բուժում է ստանում առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:
«Հիվանդությունը կրկնվել է, հիմա Երեւանում ամբուլատոր բուժում է ստանում, բժշկի խոսքով, հնարավոր է օդափոխությունը դրական ազդեցություն ունենա Արսենի վրա»,- ասաց տիկին Սվետլանան:
Նշենք, որ Արսենն անցած տարվա օգոստոսից պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է «փսորիազ» հիվանդություն, որն ըստ բժիշկների՝ սթրեսի հետեւանք է: Արսենը հաշմանդամության 2-րդ կարգ ունի եւ թոշակ է ստանում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:




























