Հնդկաստանի պետական Air India ավիաընկերությունն իր անձնակազմերի նոր անդամներին, որոնք ներկայում վերապատրաստում են անցնում, պարտավորեցրել է յոգայով զբաղվել: Air India-ի ներկայացուցչի խոսքով, նոր աշխատակիցները պետք է յոգայի պարապմունքի հաճախեն առավոտյան 6.30-ին:

Lenta.ru-ն, վկայակոչելով Time-ին, գրում է, որ 2014 թվականին իշխանության գալուց հետո Հնդկաստանի վարչապետ Ներանդրա Մոդին ձգտում է յոգան ավելի տարածված դարձնել երկրում: Կառավարությունը պետական ծառայողների համար յոգայի անվճար դասեր է կազմակերպում: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում նա առաջարկել է նաեւ Յոգայի միջազգային օր հռչակել: Հետագայում որոշվել է այդ օրը նշել հունիսի 21-ին:

Ակնկալվում է, որ հունիսի 21-ին Հնդկաստանի վարչապետը, որը յոգայի մեծ սիրահար է, Նյու Դելիի կենտրոնում 35 րոպեանոց յոգայի պարապմունք կանցկացնի: