Հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հայտարարել է, որ ապագայում, հնարավոր է, դիմի էֆթանազիայի օգնությանը: «Մարդու կամքից անկախ նրա կյանքը երկարացնելը բացարձակ ստորացում է: Ես կսկսեմ մտածել էֆթանազիայի մասին, եթե բեռ դառնամ շրջապատի համար կամ երբ մարդկությանը տալու ոչինչ այլեւս չունենամ»,- «BBC»-ին տված հարցազրույցում հայտարարել է Հոքինգը:

Բայց առայժմ ֆիզիկոսը ծրագրում է բազմաթիվ նոր բացահայտումներ անել եւ տեսություններ ստեղծել: «Անիծված լինեմ, եթե պատրաստվում եմ մեռնել՝ Տիեզերքի նորանոր գաղտնիքներ չբացահայտելով»,- նշել է գիտնականը:

2014 թվականին ֆիզիկոսն արդեն արտահայտվել է էֆթանազիայի օգտին: Հոքինգը կարծում է, որ մարդիկ, ովքեր իրենց մտերիմներին օգնում են կամավոր հեռանալ կյանքից, պետք է ազատվեն քրեական հետապնդումից:

Դեռեւս ուսանողական տարիներին Հոքինգի մոտ հազվագյուտ հիվանդություն են հայտնաբերել, որը մկանների ատրոֆիա է առաջացնում: Ներկայում նա գրեթե չի կարողանում խոսել եւ շարժվել: Շրջապատող աշխարհի հետ գիտնականը շփվում է Intel ընկերության մշակած համակարգչային համակարգի օգնությամբ: