«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գործով կապացուցի, թե ինչի է ընդունակ։ Այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում վստահեցրեց կուսակցության անդամ, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։
«Եթե մենք ժողովրդին հանենք փողոց, երբեք հուսախաբ չենք անի, դա հաստատ եմ ձեզ ասում։ Մենք չենք եկել ասելու, որ վաղն իշխանափոխություն ենք անելու։ Մենք ասում ենք, որ ուժ ենք, որ ցանկանում է իշխանափոխություն անել։ Եթե մինչեւ ընտրությունները իշխանափոխություն չանենք, ապա ընտրություններով կանենք դա»,- ասաց նա։
Ազատամարտիկի խոսքով՝ ընդվզելու համար ուժ է պետք, իսկ առ այսօր իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցություններն ընդամենը փնովում են իշխանություններին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկում։
«Բոլորն իրանց խաղն են խաղում։ Մենք ուզում ենք մեր ձեւով կայանալ, որեւէ մեկի ասածին չենք տալու։ Ասում են՝ Սերժ Սարգսյանի հաճախորդն ենք ես, Նիկոլը Փաշինյան։ Ժամանակը ցույց կտա՝ ում հաճախորդն ենք։ Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եղել, բայց ես իմ տեսակետն ունեմ, ինքը իր»,- ավելացրեց նա։
Նշենք, որ մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը կուսակցություն հիմնեց։ Կուսակցության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք մտադիր են մասնակցել առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին։



























