Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն  Քոչարյանը մասնակցել է Բրյուսելում տեղի ունեցած «Արդարադատությայան մատչելիությունը երեխաների համար Եվրոպայում եւ այլ տարածաշրջանում»  քաղաքական քննարկումներին։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կազմակերպած համաժողովին քննարկվել են անչափահասների իրավունքների պաշտպանության արդի հիմնահարցերը, քրեական եւ քաղաքացիական դատավարության ընթացակարգերին երեխաների ընդգրկման  խնդիրները, այդ ոլորտում անհրաժեշտ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները։

Միջոցառման շրջանակում նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հանդիպումներ  է ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ–ի մի շարք ներկայացուցիչների հետ,  քննարկվել են  նշված ոլորտներում համագործակցության ամրապնդման հնարավոր ուղիները,  դատաիրավական բարեփոխումների ընթացքում անչափահասների իրավունքների երաշխավորման մեխանիզմների կատարելագործման ուղիները: Առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ համագործակցության պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Բրյուսելյան  այցի շրջանակում  նախարարի տեղակալը  նաեւ աշխատանքային հանդիպումների ընթացքում ԵՄ արտաքին հարաբերությունների գերատեսչությունում քննարկել է  դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության մի շարք առաջնային եւ ընթացիկ հարցեր։